Ու ո՛չ մեկի մտքով չի՛ անցնի, որ հենց ինքն է մեղավոր, ու գործը իրենից պետք է սկսի…

    Ինչքա~ն կեղծ ու մանկամիտ են մեր ինքնարադարացումները, թե մեր ողբերգությունների պատճառը կուսակցություններն են, հարեւաններն են, աստվածներն ու վերջին հաշվով այլմոլորակայինները։
Ու որևէ մեկը չի’ հարցնում, եղբա’յր, իսկ դու քեզ կողքից նայե՞լ ես…
Մեր մեջի մեծամտությունը, գոռոզությունը, եսասիրությունը, շահապաշտությունը, սնափառությունն ու որկրամոլությունը, հայրենակցիդ հայհոյելը, վիրավորելը, Հայրենի հողի հանդեպ խրոնիկ ատելությունը, սեփական երկրում վարձակալի հոգեբանությամբ ապրելը, սեփական երկիրը թալանի «մատերիալ» դիտարկելը, սեփական երկրից օր առաջ թռնելը ճարպիկություն համարելը, բանակից տղուդ ազատելը հերոսություն համարելը քեզ ո՞վ է սովորեցրել կուսակցություննե՞րն են քեզ ստիպում, այլմոլորակայիննե՞րը, աստվածնե՞րը, հարևաննե՞րդ…
Ու միշտ փնտրում ենք թե է՞լ ովքեր են մեղավոր ռուսնե՞րը, ամերիկացինե՞րը, մեքսիկնե՞րը, չուկչինե՞րը…ու կգտնենք հազար ու մի պատճառ, ապացուցողական մի հսկայական ֆունդամենտ, ու ինքնավստահ դեմքով կապացուցենք, թե այդ «չուկչիներն» ինչքա~ն մեղավոր են, որ մենք դժբախտությունների մեջ ենք։
     Ու ո’չ մեկի մտքով չի’ անցնի, որ հենց ինքն է մեղավոր, ու գործը իրենից պետք է սկսի…
     Ու ո’չ մեկի մտքով չի’ անցնի, որ հազար ու մի պատճառ մտածելու փոխարեն պետք է խոստովանել Հայ և թուրք թշնամությունը պարզապես հողի, գույքի կամ կենցաղային թշնամություն չի…
    Ու ո’չ մեկի մտքով չի անցնում, որ պարզապես պետք է իր, ու հենց իր գործով զբաղվի, քիթը ամեն տեղ մտցնելու գիտնականի հետ գիտնական, բժշկի հետ բժիշկ, ուսուցչի հետ ուսուցիչ, օդաչուի հետ օդաչու խաղալու փոխարեն…
    Ու ո’չ մեկի մտքով չի անցնում, որ այո’, կան և կարող են լինել հեղինակություններ, որոնց պետք է հարգել ու չմտածել սեփական դիրքից բարձր թռչելու մասին, նախանձի պատճառով սեփական չնչինությունը ամեն ինչ ներկայացնելու եղկելի սովորությունը…
    Ու մեր բոլոր դժբախտությունների պատճառը հենց մեր մեջ է, մեր ներսում, մեր սրտերի թաքուն անկյուններում, որտեղ պահում ենք մեր թաքուն երազանքները, հյուսում ենք խարդավանքներ, պատրաստում ենք դավեր…
    Ու երբ կհասկանանք, որ վերջին հաշվով մենք, ու հենց մենք ենք մեր երկրի ու մեր ճակատագրի համար պատասխանատու, երբ կհասկանանք, որ կուսակցությունները ընդամենը գործիքներ են երկրի կառավարման մեջ սեփական պատասխանատվության ստանձնման համար,
    Որ հարեւանները պարտավոր չեն մեր փոխարեն մեր տունը կառուցել, որ մեր զավակները հարեւանների զավակներից ավելի լավը չեն ու ոչ էլ վատը, որ ազատենք բանակային ծառայությունից,
    Որ Երկիրը նախ երկրում ապրողինն է, այլ ոչ թե երկրից փախչող ու օտարությունից դասեր տվողինը,
    Որ ամեն ոք պետք է իր գիտելիքներին համապատասխան խոսի…
    Որ…

    ԵՒ այդ ժամանակ վստահ եմ, մենք այլևս հեռավոր մայրցամաքներում թշնամիներ չե’նք հայտնաբերի, որ ռուսին ու եվրոպացուն մեր դժբախտությունների համար չենք մեղադրի, այլ ինքներս կլուծենք մեր խնդիրները և պատվով կկանգնենք աշխարհի առաջ…

Աղբյուրը՝ Արա Պողոսյան