Արմենականների ժառանգները վերաբացում են կուսակցությունը. Թերթ․am

Ապրիլի 12-ին ստորագրվել է Արմենական կուսակցության և արմենականության վերածննդի հռչակագիր. պաշտոնական ծանուցում տրվել է, կուսակցության համագումարը տեղի է ունենալու մայիսի  25-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմենական կուսակցության վերածնման քաղաքական նախաձեռնության անդամ Արա Պողոսյանը՝ հավելով, որ ինքը 1885 թ-ին Վանում ստեղծված Արմենական կուսակցության անդամի ժառանգ է, կտակն ունի: Նա ընդգծեց, որ այս պահին աշխատում են կուսակցություն հիմնելու անդամության համար նախատեսված քանակն ապահովելու ուղղությամբ. որպեսզի հիմնադիր համագումարը իրավազոր լինի, առնվազն 100 անդամ է հարկավոր:

«Հռչակագրի ստորագրմանը միացել են Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի անդամները, համակիրներ, և Հայոց խորհուրդ հայրենասիրական ՀԿ-ն: Էս պահին կուսակցությունում հիմնականում երիտասարդներ են: Կուսակցության շուրջ համախմբվում են Սփյուռքից՝ հիմնականում արմենականների ժառանգներ են: Իրենց որոշ մասն այսօր ռամկավարներ են, նախկին ռամկավարներ կան և կան այնպիսի մարդիկ, որոնք ընդհանրապես կուսակցական չեն եղել, բայց պապերի կտակը ունենալով, հարազատությունը զգալով՝ արձագանքել են: Արմենական կուսակցությունը միակն էր ավանդական կուսակցություններից, որը հիմնադրվել էր Վանում և ուներ հստակ առաքելություն՝ Արևմտյան Հայաստանին և արևմտահայության դատին վերաբերող: Այսօր էլ, բացի ներքաղաքական խնդիրներ բարձրացնելուց, զբաղվելու ենք նաև արևմտահայության դատի հետ կապված հարցերով»,-նշեց նա:

Հարցին՝ նշված խնդիրները բարձրաձյանվում են նաև Դաշնակցության, ՍԴՀԿ-ի, Ռամկավար ազատական կուսակցության կողմից, դա բավարար չէ՞, Արա Պողոսյանը պատասխանեց.

«Մեր գործունեությունը լինելու է փոխլրացնող, բայց, գնահատելով իրենց ջանքերը, նաև պատկերացնում ենք, որ հայ դատի կարևոր բաղադրիչներից մեկը բուն այսօրվա Թուրքիայի տարածքում գործունեություն է, որը պետք է հիմնականում ուղղված լինի ինքնությունը կորցրած, կամ ինքնությունը նոր վերագտնող հայության շրջանում աշխատանքներ տանելուն: Այս պահին Թուրքիայում պաշտոնական գրասենյակ ունենալու մասին չէ խոսքը, սակայն ապագայում նման նպատակներ կան»,-շեշտեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր այդ ուղղություններով ՀՀ իշխանությունների գործունեությունը, Արա Պողոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, այս պահին մենք չենք տեսնում հստակ ուղեգիծ, հայեցակարգ՝ հայ դատի հետ կապված, ուստի չենք կարող որևէ հստակ բնորոշում տալ: Երբ կլինի կոնկրետ քայլերի հաջորդականությունը, որը կորդեգրի ներկա իշխանությունը, կհնչեցնենք գնահատական»:

 

Նյութի աղբյուրը՝ Թերթ․am