ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԾՆԵԼ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ․ Հրապարակ․am

 

«Մենք համախոհ երիտասարդներով ուզում ենք վերահիմնադրել Արմենական կուսակցությունը։ Պաշտոնապես ծանուցում պետք է տանք azdarar.am կայքին, մայիսի 25-ին տեղի կունենա մեր հիմնադիր համագումարը»,- մեզ հետ զրույցում նշում է կուսակցության համակարգող  Արա Պողոսյանը։

Հարցին, թե քաղաքական դաշտում ինչ տեղ են զբաղեցնելու, ընդդիմանալո՞ւ են գործող իշխանություններին, Արա Պողոսյանն արձագանքեց․ «Կուսակցությունն ավելի գլոբալ նպատակներ ու առաքելություն ունի։ Արմենական կուսակցությունը եղել է արեւմտահայկական կուսակցություն, որն ավանդական կուսակցություններից միակն է, որը հիմնադրվել է Արեւմտյան Հայաստանի տարածքում, Վանում։

Եվ հիմա մենք պահում ենք այդ արեւմտահայկական կուսակցություն հիմնելու ուղղությունը։ Մեր նպատակը ոչ միայն մասնակցելն է ՀՀ-ի ներքաղաքական կյանքին, այլեւ համահայկական խնդիրներին։ Մեր անդամների մեծ մասը երիտասարդներ են, չունեն քաղաքական կյանքին մասնակցելու փորձ, դերակատարում»։ Կուսակցության նախաձեռնողներից են, ըստ մեր զրուցակցի, Գեւորգ Ջնդոյանը, Գոհար Բոյաջյանը, Արա Պետրոսյանը։

Արմենական կուսակցությունը, ըստ Արա Պողոսյանի, պետականամետ է, եւ եթե տեսնի իշխանությունների դրական քայլերը, ապա պաշտպանելու է դրանք, իսկ բացասականի դեպքում՝ քննադատելու են եւ պայքարելու են դրանց դեմ։
Առաջիկայում պատրաստվում են իրենց կայքում  հրապարակել Արմենական կուսակցության ծրագիրը։

«Մեր առաքելությունը համարում ենք արեւմտահայության խնդիրներով զբաղվելը։ Եվ արեւմտահայություն ասելով հասկանում ենք ոչ միայն սփյուռքահայությանը, այլեւ  բուն Թուրքիայի տարածքում ապրող հայությանը։

Այս պահին որոշակի հարաբերություններ ենք ստեղծում տեղի հայության հետ, եւ մեր նպատակն այնտեղ  կրթական գործունեություն սկսելն է։ Երբ խոսում ենք արեւմտահայության մասին, դրա կարեւոր բաղադրիչը լեզվի խնդիրն է։ Մենք պատրաստվում ենք տեղի ակտիվ հայության հետ համագործակցել»,- ասաց Արա Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»