ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ա. Ձևավորումը: Հայ իրականության մեջ առաջին գաղտնի հեղափոխական կուսակցությունը ծնունդ առավ Վանում 1885 թվականին: Կուսակցության ստեղծման գործում վճռական դեր խաղաց տարագրության մեջ գտնվող նշանավոր ազգային գործիչ Մկրտիչ Փորթուգալյանը: Նա Մարսելում (Ֆրանսիա) հրատարակում էր ՙԱրմենիա՚ անունով թերթը, որի առաջադիմական գաղափարները թափանցում էին Վան և մեծ ոգևորություն առաջացնում հեղափոխական տրամադրություններով տոգորված տեղի երիտասարդ մտավորականության շրջանում: Գաղտնի հանդիպումների նախաձեռնող դարձան Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները, որոնց այգում (հնձանում) ողջ տարվա ընթացքում տեղի էին ունենում գաղտնի հանդիպումներ: Այս հավաքների արդյունքում 1885 թ. աշնանը հիմնադրվեց Արմենական կուսակցությունը: Կազմակերպությունն իր անունը վերցրեց ՙԱրմենիա՚ թերթից` դրանով իսկ ցուցադրելով համերաշխություն նրա քարոզած գաղափարներին: Հիմնադիր ժողովին մասնակցում էին Ղևոնդ Խանջյանը, Գրիգոր Աճեմյանը, Գրիգորիս և Մկրտիչ Թերլեմեզյանները, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Պյոզիկյանը (Շիկահեր), Գևորգ Օտյանը, Մաքնոս Բարութչյանը և Գարեգին Բաղեշցյանը: Հետագայում կուսակցությանն անդամագրվեցին Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հայրապետ Ջանիկյանը, Արմեն Շիտանյանը, Արտակ Դարբինյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ: Հիմնադրումից որոշ ժամանակ անց կուսակցությունը դարձավ Վասպուրականի առաջատար հեղափոխական ուժը:

բ. Ծրագիրը և կառուցվածքը: Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում: Պատմագրության մեջ հաճախ փորձեր են արվել կազմակերպության ծրագիր համարել զանազան հրապարակումներ (օրինակ` Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» զրուցարանը): Բայց իրականում Արմենական կուսակցությունն ունեցել է սեփական ծրագիր` կազմված յոթ մասից: Կազմակերպության նպատակն էր` «հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ: Քանի որ տվյալ ժամանակաշրջանում արմենականները հնարավոր չէին համարում օսմանահպատակ ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը, ուստի շեշտում էին ներազգային համերաշխության գաղափարը: Ծրագրում նշվում էր. «Կազմակերպությունն իր ջանքերն ամփոփում է հայ ազգի տարբեր հատվածների մեջ, առանց դավանանքի խտրության, իր ուժերը չի ցրում հարևան ազգերի մեջ հեղափոխական շարժումներ առաջացնելու համար` զգալով որ հայ ազգի և մյուս ցեղերի միջև զարգացման, աշխարհայացքների և պահանջների մեծ տարբերություններ կան, որով հայ ազգի հեղափոխական շարժումը կարող է դանդաղել և թուլանալ»:

Նպատակին հասնելու խնդիրներ էին դիտվում` ազատագրական պայքարին նվիրված հայրենասերների միավորումը, ժողովրդի կազմակերպումը, նրա մեջ հեղափոխական գաղափարների տարածումը: Դրանք իրականացվելու էին գրավոր և բանավոր քարոզչության, կրթական համակարգի վրա ներազդելու միջոցով, ինչպես նաև` անձնական օրինակով:
Հատկապես կարևորվում էին ժողովրդական լայն զանգվածների մեջ ինքնապաշտպանության գաղափարի արմատավորումը, ինքնապաշտպանական խմբերի կազմակերպումը և ժողովրդի զինմանն ուղղված աշխատանքները: Ծրագրում շեշտվում էր, որ հեղափոխության դիմելու համար անհրաժեշտ են արտաքին նպաստավոր պայմաններ: «Մասնակի և տկար ուժերի շարժումները, ցույցերը բացառիկ հանգամանքներից դուրս ընդունելի չեն, ընդհակառակը` վնասակար են», – ասված էր կուսակցության ծրագրում:

  Կուսակցության կառույցը հնարավորինս հարմարեցված էր օսմանյան իրականությանը: Արմենականները բաժանվում էին գործուն և օժանդակ անդամների: Գործուն էին համարվում այն անդամները, որոնք ընդունում էին կուսակցության կանոնները, ենթարկվում կուսակցական կարգապահությանը, բարեխղճորեն վճարում անդամատուրքը: Օժանդակ անդամները կազմակերպությանը ցուցաբերում էին բարոյական և ֆինանսական աջակցություն:

Սկզբնական բջիջը խումբն էր:
    Կուսակցության ղեկավարությունն իրականացնում էին կենտրոնական մարմինը, շրջաններում` տեղական կոմիտեները: Կուսակցության` Վասպուրականից դուրս գործող կոմիտեները շուրջ երեք անգամ քիչ անդամատուրք էին վճարում Կենտրոնական մարմնին` հնարավորություն ստանալով ավելի շատ միջոցներ հատկացնել Երկրի ինքնապաշտպանության կազմակերպման գործին: Կարևորագույն դերակատարում ունեին շրջանային հատուկ կոմիտեները, որոնք զբաղվում էին ժողովրդին զինելու, ինքնապաշտպանական խմբեր կազմելու, լրացուցիչ մարտական անդամատուրք եր հավաքելու աշխատանքներով: Կուսակցության ծրագիրը կարող էր փոփոխվել շրջանային հատուկ կոմիտեների ներկայացուցիչների ձայների մեծամասնության դեպքում: Արմենականները ընդունելով «Արմենիա» թերթի խմբագրության գաղափարները` այնուհանդերձ այն չէին ճանաչում որպես պաշտոնաթերթ:

    գ. Գործունեությունը: Արմենական կուսակցության հիմնադրումից որոշ ժամանակ անց մասնաճյուղեր կազմակերպվեցին Վասպուրականում, Մուշում, Բիթլիսում, Տրապիզոնում և Կ. Պոլսում: Աստիճանաբար կուսակցության տեղական կազմակերպություններ հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում: Բավականին կենսունակ էին հատկապես Թավրիզի և Սալմաստի մարմինները: Կուսակցության անմիջական նպատակը Վասպուրականի հայ բնակչությանը զինելն էր: Շեշտը դրվում էր հատկապես քրդական ավազակախմբերի հարստահարումներից պաշտպանվելու, գյուղական համայնքների կարողության ուժեղացման վրա: Զենքը Արևմտյան Հայաստան էին փորձում անցկացնել հիմնականում Պարսկաստանից` աննկատ, առանձին անհատների կամ զինատար խմբերի միջոցով:
Ժամանակին թուրքական մամուլում լայն արձագանք գտավ Վանի մոտակայքում` Բաշկալեյում, տեղի ունեցած ընդհարումը թուրք զինվորների և արմենական զինված խմբի միջև: Երեք հոգուց կազմված խումբը (Կարապետ Գուլակսզյան, Հովհաննես Ագրիպասյան, Վարդան Գոլոշյան) Պարսկաստանից անցնում էր Վան: Բախման ժամանակ զոհվում են նրանցից վերջին երկուսը, որոնց մոտ գտնում են Մկրտիչ Փորթուգալյանի և Լոնդոնի ընկերներից առաքված նամակներ, հեղափոխական կուսակցության գոյությունը փաստող այլ տվյալներ: Չնայած նման միջադեպերին`1885-1890-ական թթ. ընթացքում կուսակցության փաստացի ղեկավար Մկրտիչ Ավետիսյանին ընդհանուր առմամբ հաջողվում է առանց ցուցադրական ելույթների, նպատակաուղղված աշխատանքով Վան քաղաքում և Վասպուրականի գյուղերում ստեղծել փոքրաքանակ, բայց կարգապահ ու մարտունակ կազմակերպություն: Այդ շրջանում միայն ծայրահեղ դեպքերում էին արմենականները դիմում ահաբեկչական քայլերի կամ ֆիդայական կռիվների:
Արդեն 1890-ականների սկզբներին, ըստ որոշ տվյալների, լայն աշխատանքներ էին կատարում Նիկոմեդիայի, Պարտիզակի, Ատաբազարի մասնաճյուղերը: Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր: Թավրիզից և Սալմաստից բացի Պարսկաստանում ակտիվ գործունեության մեջ էին նաև Հաթթվանի, Փայաջուկի, Ուրմիայի, Խոյի խմբերը: Երկրում օգտակար աշխատանք էին ծավալել նաև արմենական կանայք: Ժողովրդական քարոզիչներ էին ուսուցչուհի Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Չարուխյանը:
Բայց կազմակերպության աստիճանական հզորացման, ժողովրդի մեջ թափանցելու, նրան նախապատրաստելու բնականոն աշխատանքները մի քանի տարի անց հանդիպեցին լուրջ փորձությունների: Աբդուլհամիդյան վարչակարգը արևմտահայության մասնակի ջարդերի քաղաքականությունից 1890 թվականից սկսեց անցնել նրա ֆիզիկական ոչնչացմանը: Կազմվեցին քրդական ՙհամիդիե՚ կոչվող սպառազեն գնդեր, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի հայաբնակ բոլոր գյուղերն ու քաղաքները ընկղմվեցին զանգվածային կոտորածների, հալածանքների ու բռնությունների անընդհատ և տարիներ տևող մղձավանջի մեջ: Առաջին և առավել ծանր հարվածը հասցվում էր ազատագրական շարժման կենտրոններին` Սասունին, Զեյթունին, Վանին: Այս ամենը արմենականներին ստիպում էր հետևել 1890-ական թվականներից երկրում զինված պայքար սկսած հնչակյան ու դաշնակցական կազմակերպությունների օրինակին և մարտական գործուն ինքնապաշտպանական կռիվների դուրս գալ հատկապես Վասպուրականում: Վանի նշանավոր կռիվների նախօրյակին Մկրտիչ Ավետիսյանի, Վանի հնչակյան և դաշնակցական կազմակերպությունների ղեկավարներ Մարտիկի (Մարտիրոս Սարուխանյան) և Պետոյի (Ալեքսանդր Պետրոսյան) ջանքերով հայ հեղափոխական կուսակցություններն իրենց ուժերը միավորեցին արհավիրքին միասնաբար դիմադրելու համար:
1896 թ. հունիսին, շուրջ երկու տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, օսմանյան կառավարությունը ձեռնարկեց Վանի հայ բնակչության ոչնչացման փորձ: Մի կողմ դնելով տարաձայնությունները` հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները ընդհանուր ճակատ ստեղծեցին և հաջողությամբ կազմակերպեցին քաղաքի հայերի ինքնապաշտպանությունը: Ի դեպ, այս դիմադրության շնորհիվ էր, որ կասեցվեց համատարած ջարդերի ալիքը Վասպուրականում: Ցավոք, Վանի ինքնապաշտպանական ուժերը Պարսկաստան անցնելու ճանապարհին, Ս. Բարթուղիմեոս առաքյալի վանքի մոտերքում ենթարկվեցին թուրքական կանոնավոր բանակի և քրդական անկանոն հեծելազորի դավադիր հարձակմանը ու խժդժություններին և լիովին ոչնչացան: Առավելապես ծանր էին արմենականների կորուստները: Կուսակցության` տարիների ջանքերով ստեղծած մարտական ջոկատների, նրա նվիրված անդամների մեծագույն մասը զոհվեց:
1896 թվականը շրջադարձային եղավ արմենականության համար: Ղեկավարների մեծ մասից զրկված կուսակցությունը այդ ժամանակվանից սկսած` աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը: Գնալով նոսրացող շարքեր և հեռանկարի անորոշություն – այսպիսին էր կազմակերպության վիճակը XX դարի նախաշեմին: Այդ բախտորոշ ժամանակում Մկրտիչ Ավետիսյանին փոխարինեց Եղիշե Կոնդակչյանը, որը, դառնալով արմենականների ղեկավար, մեծ ջանքեր գործադրեց վերակազմակերպելու կուսակցությունը: Նրա հետ եռանդուն աշխատանքի էին լծվել 1897 թ. բանտերից ազատված Արմենակ Եկարյանը, Գրիգոր Պեոզիկյանը (Շիկահեր), Ղևոնդ Խանջյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ:
Վանի 1896-ի դեպքերից հետո արմենականները նույնպես խորապես համոզվեցին, որ հայությունն իր հույսը պիտի կապի միայն իր հավաքական ուժի հետ: Ղեկավարներից ոմանք թերևս ինչ-որ չափով բացառություն էին համարում Ռուսաստանը: Ժողովներից մեկում հանդես գալով զեկուցումով` Ղևոնդ Խանջյանն ասում էր. «Հայկական ջարդերը հաստատեցին, թե եվրոպական պետություններու հակամարտությունները չեն թույլատրել, որ մենք անոնց աջակցության վրա հույս ունենալով` արկածախնդրություններ անենք: Եթե մենք հույս պետք է ունենանք օտար որևէ պետության վրա, ապա այդ հույսը միայն կարող ենք կապել մեր դրացի Ռուսաստանի հետ»: Բայց գործադրած ջանքերը բավարար չէին արմատապես վերակառուցելու կուսակցությունը: Թեև դեպքից դեպք տեղի էին ունենում խմբերի ու խմբապետների ժողովներ, բայց դրանք այլևս չունեին նախկին նշանակությունը: Կանգ էին առել ժողովրդին զինելու աշխատանքները, չկային անհրաժեշտ նյութական միջոցներ:
Այսպիսով, Արմենական կուսակցությունը հանդիսացավ հայրենիքում հիմնված առաջին հեղափոխական կուսակցությունը, որը խոր հետք թողեց հայ ազատագրական պայքարի պատմության մեջ: Լինելով Արևմտահայաստանի ժողովրդական լայն զանգվածների շահերի արտահայտիչ` արմենականները շեշտադրումը կատարում էին արևմտահայությանը ապագա զինված հեղափոխության նախապատրաստելու, նրա մեջ ազգային-հայրենասիրական զգացումներ ներարկելու վրա: Աբդուլհամիդյան ջարդարարական քաղաքականությունը, արևմտահայության ֆիզիկական ոչնչացման հեռանկարը, բնականաբար, օրակարգի խնդիր դարձրին անմիջական զինված պայքարի կազմակերպման հարցը: Բայց կրած ծանր հարվածների պատճառով արմենականները աստիճանաբար ազատագրական գոյամարտի դրոշը զիջեցին մյուս ազգային կուսակցություններին` միշտ հավատարիմ մնալով համազգային ընդհանուր ճակատ կազմակերպելու և հախուռն գործողությունները մերժելու մարտավարությանը:

Հոդվածն ամբողջությամբ